Ռոզալյա Աբգարյան. Մեծ Հայրենականը՝ կնոջ աչքերով - Mediamax.am

exclusive
7863 դիտում

Ռոզալյա Աբգարյան. Մեծ Հայրենականը՝ կնոջ աչքերով


Ռոզալյա Աբգարյանը (ձախից վերեւի շարքում)` Թբիլիսիի զինկոմիսարիատում
Ռոզալյա Աբգարյանը (ձախից վերեւի շարքում)` Թբիլիսիի զինկոմիսարիատում

Լուսանկարը` Ռ. Աբգարյանի անձնական արխիվից:

Ռոզալյա Աբգարյանը
Ռոզալյա Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզալյա Աբգարյանը (աջ կողմում)՝ մարտական ընկերուհու հետ, Ուժգորոդի գրավումից հետո, 1944թ.
Ռոզալյա Աբգարյանը (աջ կողմում)՝ մարտական ընկերուհու հետ, Ուժգորոդի գրավումից հետո, 1944թ.

Լուսանկարը` Ռոզալյա Աբգարյանի անձնական արխիվից

Ռոզալյա Աբգարյանը
Ռոզալյա Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզալյա Աբգարյանը
Ռոզալյա Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզալյա Աբգարյանը
Ռոզալյա Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզալյա Աբգարյանը
Ռոզալյա Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի փունջ դեղին նարգիզ ձեռքիս՝ թակում եմ Ռոզալյա Աբգարյանի տան դուռը: «Ո՞վ է» հարցից հետո կայտառ ձայնով եւ աշխույժ շարժումներով տիկին Ռոզալիան բացում է դուռը եւ հրավիրում ներս: Մինչ նա արագ կբերի ծաղկամանը եւ կտեղավորի ծաղիկները, ես նայում եմ սեղանին դրված Մեծ Հայրենական պատերազմի ավագ սերժանտ Ռոզալյա Աբգարյանի լուսանկարները մարտական ընկերների հետ, Հաղթանակի տոնի առթիվ ստացած շնորհավորական բացիկները: 

 

Եթե չլիներ Մեծ Հայրենականը, 1924 թվականին ծնված տիկին Ռոզալյան կիրագործեր մանկության երազանքը՝ բժշկուհի կդառնար եւ կապրեր խաղաղ կյանքով: Սակայն հունիսյան մեկ օր փոխեց նրա եւ նրա հասակակիցների կյանքը: Նրանք ոտքի կանգնեցին հայրենիքի համար՝ պայքարելու ֆաշիզմի դեմ: Պատերազմից տասնյակ տարիներ անց՝ տիկին Ռոզալյան կրկին լի է կյանքի եւ մարդկանց հանդեպ սիրով: Նրա անվերջ ժպտացող աչքերում նշմարվում են հուզմունք ու խոր կսկիծ, երբ վերհիշում է պատերազմի անմարդկային, ոչ կանացի սարսափները:

Ռոզալյա Աբգարյանը  Ռոզալյա Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

***

 

1941թ. հունիս: Ապրում էինք Թիֆլիսում: Նոր էր լրացրել իմ 18 տարին: Դպրոցը նոր էի ավարտել՝ գերազանցության վկայականով: Ավարտական վկայականների հանձման կապակցությամբ հունիսի 21-ին երեկոյան մեզ իր տուն էր հրավիրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ակակի Խորավան: Շատ հաճելի երեկո անցկացրինք, զրուցեցինք, լսեցինք նրա խորհուրդները, պատմեցինք մեր ապագա ծրագրերի մասին՝ ո՞ւր ենք ցանկանում դիմել, ի՞նչ ենք երազում դառնալ: Երիտասարդ էինք, ոգեւորված: Երգ ու ծիծաղով, բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն՝ ապագայի հետ կապված մեծ երազանքներով: Հաջորդ օրն առավոտյան արթնացանք միանգամայն ուրիշ աշխարհում. սկսվել էր պատերազմը:

 

Մենք այն սերունդն էինք, որը շատ էր սիրում իր հողը, հայրենիքը: Մեզ համար չկար հարց՝ մեկնե՞լ ռազմաճակատ, թե՞ ոչ: Ես եւ ընկերներս դիմեցինք զինվորական կոմիսարիատ, զինվորագրվեցինք որպես կամավոր: Ծնողներս դեմ էին ռազմաճակատ մեկնելու իմ որոշմանը: Հայրս երեք դուստր ուներ, տղա չուներ: Բայց չէ՞ որ մեկն ու մեկը մեր ընտանիքից պետք է գնար հայրենիքը պաշտպանելու:

 

Ամբողջ երկիրն էր ոտքի կանգնել: Մի քանի ամսում սովորեցինք ռադիոգործը, հետո ողջ պատերազմի ժամանակ աշխատում էի ռադիոկապի վրա: Կտրեցի երկար վարսերս, հագա զինվորական համազգեստն ու գնացի կայարան: Գնացքը շարժվեց դեպի Ռոստով, Ստալինգրադ եւ այդպես մինչեւ հեռավոր քաղաքներ:

Ռոզալյա Աբգարյանը (աջ կողմում)՝ մարտական ընկերուհու հետ, Ուժգորոդի գրավումից հետո, 1944թ.  Ռոզալյա Աբգարյանը (աջ կողմում)՝ մարտական ընկերուհու հետ, Ուժգորոդի գրավումից հետո, 1944թ.

Լուսանկարը` Ռոզալյա Աբգարյանի անձնական արխիվից

Ստալինգրադի մոտակայքում էինք: Թեժ մարտերն այնտեղ դեռ չէին սկսվել, սակայն իրավիճակը լարված էր: Մեր գնացքն օդից հարձակման ենթարկվեց: Մեր գլխավերեւում խորհրդային ռազմական ինքնաթիռ էր թռչում՝ թեւերին կարմիր աստղ նկարած: Ինքնաթիռը խորհրդային էր, բայց օդաչուն՝ գերմանացի: Նա կրակ բացեց գնացքի ուղղությամբ, եւ միակ բանը, որը հիշում եմ դրանից հետո, այն է, որ ամբողջությամբ արյան մեջ էի: Չէի հասկանում՝ դա ի՞մ արյունն էր, թե՞ ուրիշինը: Շուրջս զոհեր էին, վիրավորներ: Ինձ տեղափոխեցին հոսպիտալ: Երբ ապաքինվեցի, ինձ ուղարկեցին Լուգանսկ՝ 12-րդ բանակին կից 88-րդ կապի գունդը: Հետո տեղափոխվեցի 18-րդ բանակ, որի կազմում էլ անցա մարտական ամբողջ ճանապարհս:

Ռոզալյա Աբգարյանը  Ռոզալյա Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր՝ տասնյակ տարիներ անց, պատերազմի օրերը կարծես ֆիլմից դրվագներ լինեն, որոնք հաճախակի գալիս են աչքիս առաջ: Շատ տեսարաններ ջնջվել են հիշողությունիցս, վերածվել մարդկային աննկարագրելի տառապանքի եւ խիզախության մասին մի պատմության: Սակայն երբեք չեմ կարող մոռանալ նահանջի օրերը: 1942թ. ձմեռն էր՝ խստաշունչ եւ երկար: Վորոշիլովգրադից ստիպված էինք նահանջել, ոտքով կտրել ցեխոտ եւ ճահճոտ երկար ճանապարհներ: Հագել էի բարակ տակացուով կոշիկներ, որոնք արդեն մաշվել էին: Ոտքերս ցրտահարվել էին, կոշիկներն էլ՝ կպչել ոտքերիս: Ավելի ուշ հոսպիտալում բժիշկները կարողացան ցրտահարված եւ ուռած ոտքերիցս կտրել կոշիկները:

 

Նահանջի ժամանակ անցնում էինք ավերված քաղաքների, գյուղերի միջով: Շուրջբոլորս ավերվակներ էին, պայթեցված կամուրջներ: Մինչեւ հիմա ականջումս զնգում են այդ բնակավայրերի բնակիչների ձայները, աղաչանքները՝ «Տարե՛ք մեզ այստեղից, մի՛ թողեք թշնամու ձեռքին»: Մենք էլ պատասխանաում էինք՝ «Մի՛ մտահոգվեք, մենք շուտ կվերադառնանք»: Բայց շուտ չստացվեց: Անցավ ավելի քան 3 տարի՝ մինչ հաջողվեց վերադառնալ եւ հաղթանակով անցնել այդ նույն ճանապարհը:

Ռոզալյա Աբգարյանը  Ռոզալյա Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

1943թ. աշուն: Մենք Նովոռոսիյսկի մոտակայքում ենք: Մեզ ռմբակոծում էին օդից, ջրից, ցամաքից: Թվում էր, թե հողը ցնցվում է պայթյուններից: Ես եւ ընկերուհիս հերթափոխով աշխատում էինք ռադիոկապի վրա, փոխանցում կոդավորված հաղորդագրություններ: Կապի մեջ աղմուկ էր: Ինչ-որ մեկը վատ ռուսերենով ասում է՝ «Ստալին կապուտ»: Հետո լսվում են այլ ձայներ: Մինչ ես աշխատում էի, մեր զորքերը հարձակվեցին եւ երկար մարտերից հետո ազատագրեցին Նովոռոսիյսկը: Հետո ազատագրվեցին Կերչը, Ուժգորոդը, Բրատիսլավան, Բռնոն:

 

Գիտե՞ք, պատերազմի ժամանակ շատ հեշտ է ընկերանալ: Բոլորով ապրում էինք ծանր պահեր, եւ ընկերությունը մեզ շատ էր օգնում՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հայերն իմ գնդում քիչ էին, բայց բոլորս մի մեծ երկրից էինք՝ ԽՍՀՄ-ից:

Լուսանկարը` Մեդիամաքս

1945թ. մայիս: Ես Չեխոսլովակիայում էի: Նստած եմ ռադիոընդունիչի դիմաց եւ լսում եմ՝ «Օգնեք, Պրահան վտանգի մեջ է»: Չեխ ապստամբներն էին: Ես հաղորդեցի հրամանատարին, նա էլ՝ շտաբին, որը որոշում ընդունեց փոխել մարտական գործողությունների ուղղությունը: Մայիսի 9-ին Պրահան ազատագրվեց ֆաշիստներից: Հաղթանակ, որի մասին այդքան երազել էինք, որին այդքան ձգտել էինք:

Ռոզալյա Աբգարյանը  Ռոզալյա Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմը մեզ շատ բան սովորեցրեց: Սովորեցրեց գնահատել մարդկային կյանքը: Մենք կոփվեցինք, սովորեցինք հեշտությամբ հաղթահարել դժվարությունները: Նա, ով անցել է պատերազմի միջով, կարողացել է շատ ամուր ընտանիք կազմել: Ավագ սերժանտի կոչումով վերադարձա Հայաստան, ամուսնացա: Ամուսինս եւս պատերազմի մասնակից է, հինգ անգամ վիրավորվել է, անգամ ձեռնամարտի օգնությամբ փրկել իր մարտական ընկերների կյանքը: Նրա հետ միասին ապրեցինք  58 տարի: Ապրել ենք երջանիկ եւ համերաշխ: Գրեթե երբեք լուրջ վեճեր չենք ունեցել: Միշտ զիջել ենք միմյանց, հարգել, օգնել, սատարել: Մենք պատերազմի միջով էինք անցել եւ գիտեինք՝ ինչ է խաղաղությունը: Պատերազմից հետո ես եւ ամուսինս կարողացանք համալսարան ընդունվել, սովորել, աշխատել, ապահովել մեր ընտանիքի հոգսերը: Եղել եմ ե՛ւ մայր, ե՛ւ ուսանող, ե՛ւ տան տիկին: Շատ դժվար էր, բայց ամեն ինչ էլ հաղթահարեցինք: Կարողացանք սովորել, աշխատել, ընտանիք կազմել: 1967թ. պարգեւատրվեցի ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժի կոչումով: Այսօր երջանիկ եմ ինձ համարում՝ իմ երկու որդիներով եւ թոռներով շրջապատված:   

 

Ռոզալյա Աբգարյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

 

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին